Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԲՌՀՉՀ-ն ՈՒֆայում՝ տնտեսությունն անբաժանելի է քաղաքականությունից

ԲՌՀՉՀ-ն ՈՒֆայում՝ տնտեսությունն անբաժանելի է քաղաքականությունից
08.07.2015 | 21:27

Բաշկորտոստանի մայրաքաղաք ՈՒֆայում այսօր Վլադիմիր Պուտինն ընդունում է ԲՌՀՉՀ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) պետությունների նախագահների և կառավարության ղեկավարների յոթերորդ սամմիթը և զուգահեռ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների սամմիթը, որտեղ Մոսկվայից ու Պեկինից բացի չորս միջինասիական պետություններ են ներառված:
ՌԴ նախագահը դուրս է գալիս մեկուսացումից, որի մեջ էր հայտնվել ուկրաինական ճգնաժամի պատճառով: Չինաստանը, որ հենվում է ԲՌՀՉՀ և ՇՀԿ-ի վրա՝ ամրապնդելու աշխարհի երկրորդ տնտեսության իր կարգավիճակը, ներկայացնում է նախագահ Սի Ձինպինը:
ԲՌՀՉՀ բանկը
ԲՌՀՉՀ զարգացման նոր բանկը (բանկի ստեղծման որոշումն ընդունվել է Բրազիլիայում 2014-ի հուլիսին, շտաբ-բնակարանը կլինի Շանհայում), սկսում է աշխատանքը: Բանկը ստացել է նախնական 50 միլիարդ դոլար կապիտալ (հեռանկարում՝ գումարը կկրկնապատկվի) և զբաղվելու է խոշոր ինֆրակառույցների նախագծերի ֆինանսավորմամբ՝ վարկառուներին սահմանափակող պայմաններ չներկայացնելով, ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամը կամ Համաշխարհային բանկը, որի հետ մտադիր է մրցակցել:
Վատ խաղի ժամանակ դեմքը փրկելու ձգտումով ՀԲ տնօրեն ամերիկացի Ջիմ Էն Կիմը ողջունեց ֆինանսական նոր կառույցի ստեղծումը, նշելով, որ բանկն ավելորդ չի լինի զարգացող երկրների պահանջները բավարարելու համար: ԲՌՀՉՀ բանկն սկսեց աշխատել հուլիսի 7-ից՝ բոլոր հինգ երկրների խորհրդարաններում իր ստեղծման համաձայնագիրը վավերացնելուց հետո: Բանկի նախագահ նշանակվեց հնդիկ Կունդապուր Վաման Կամատխը, որ մինչ այդ գլխավորել էր հնդկական ICICI բանկը և Ասիական զարգացման բանկը: Բանկի տնօրեններն ընտրվելու են ռոտացիայով, աշխատալեզուն անգլերենն է, հիմնադիր անդամները քվեարկության ժամանակ ունեն հավասար իրավունքներ, որ չկա ոչ ԱՄՀ-ում, ոչ ՀԲ-ում:
Ընդհանուր տարադրամային պահուստներ
ՈՒֆայի սամմիթը առիթ է հիշեցնելու, թե ինչ վիճակում է 2014-ին հաստատված ընդհանուր տարադրամային պահուստների ստեղծման նախագիծը 100 միլիարդ դոլարի չափով (41 միլիարդ Չինաստանից, 18 միլիարդ՝ Հնդկաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, 5 միլիարդ ՀԱՀ-ից)՝ ապագայում հնարավոր ֆինանսական ցնցումներից պաշտպանվելու համար: Մոսկվան կհիշեցնի, որ անհրաժեշտ է ստեղծել ԲՌՀՉՀ-ի սեփական վարկանիշային գործակալություն՝ ի հակակշիռ ամերիկյանի, և՝ էներգետիկ գործակալություն: Մայիսին ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին առաջարկեց մասնակցել ԲՌՀՉՀ-ի բանկին: Կվերահաստատի՞ Մոսկվան իր հրավերը:
Չինաստանը մի քանի խաղադրույքներ ունի այս խաղում: Նոր ինստիտուտի ձևավորման պայմանագիրը Պեկինը վավերացրեց նախագծի մեկնակից երկու օր անց, որին ներկա էին Ասիական ինֆրակառույցների ներդրումների բանկի հիմնադիր 57 երկրների ներկայացուցիչներ 100 միլիարդ դոլար կապիտալով: Չինաստանին է պատկանում 26 %-ը, այսինքն՝ ձայների արգելակիչ փոքրամասնությունը, ինչպես ԱՄՆ-ը ունի ԱՄՀ-ում: «Չինաստանը չի ձգտում վետոյի իրավունք ստանալ, նրա ձայների մասնաբաժինը կպակասի նոր անդամների ներգրավման դեպքում»՝ «Սինխուա» գործակալությանն ասել է Չինաստանի ֆինանսների փոխնախարար Շի Յաոբինը: Բանկը կվարկավորի երկաթուղային տրանսպորտի, նավահանգիստների շինարարության նախագծեր: Ասիայում ենթակառուցվածքների ֆինանսավորման պահանջարկը 8 տրիլիոն դոլար է գնահատվում:
Պեկինի խաղը
Միջազգային տնտեսության փորձագետ Քրիստոֆ Դեստեն կարծում է, որ «Ինֆրակառույցների վարկավորման ասիական բանկը չինական ուժեղ նախագիծ է և հզոր խաղացող՝ հաշվի առնելով ենթակառույցների ոլորտում երկրի վիթխարի հնարավորությունները: Միևնույն ժամանակ Պեկինը չի կարող անուշադրության մատնել ԲՌՀՉՀ բանկը: Երկու դեպքում էլ չինացիները նույն ռազմավարությունն են որդեգրել՝ դա խաղ է, որի ժամանակ դուք խաղատախտակին անշտապ տեղաշարժում եք ձեր ֆիգուրները՝ հակառակորդին դուրս մղելու ու նրա տարածքը վերցնելու համար: Խոսքը Բրետոն-Վուդյան համակարգի ինստիտուտներում ԱՄՆ-ի պատմական գերակայությունը խարխլելու մասին է»: ՇՀԿ-ի սամմիթում Չինաստանը, հավանաբար, կվերահաստատի Ռուսաստանին, Ղազախստանին, ՈՒզբեկստանին, Ղրղզստանին և Տաջիկստանին ուղղված հրավերը՝ Մետաքսի նոր ճանապարհի նախագծին մասնակցելու համար: ԲՌՀՉ եզրույթն առաջինը օգտագործեց 2001-ին Ջիմ О’Նիլը Goldman Sachs-ից, իսկ 2003-ին նույն բանկի երկու տնտեսագետներ զեկույց հրապարակեցին, որ այդ երկրների տնտեսությունը (ՀԱՀ-ը անդամակցեց 2011-ին) արագ զարգանում է և 2040-ին նրանց միացյալ ՀՆԱ-ն կհավասարվի մեծ վեցյակին (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա): Բայց հիմա նրանց արդյունքները նվազել են՝ հումքային բումն ավարտվել է, չինական ՀՆԱ-ի աճը դանդաղել: Որոշ տվյալներով՝ 2015-ին ԲՌՀՉՀ երկու երկրներում սպասվում է ռեցեսիա՝ Ռուսաստանում (-3,1 %) և Բրազիլիայում (-0,8 %): ՀԱՀ-ում աֆրիկյան մայր ցամաքի համեմատ թույլ աճ կլինի (1,9 %), Չինաստանն ավելի կդանդաղի (6,8 %) և կզիջի Հնդկաստանին (6,9 %):
Թեպետ ԲՌՀՉՀ-ն ներկայացնում է աշխարհի բնակչության 42 %-ը և ՀՆԱ-ի 22 %-ը, նրանց միավորում են ոչ այնքան տնտեսական ընդհանրությունները, որքան Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մեծ կշիռ ստանալու քաղաքական ձգտումը:


Քլեր ԳԵԼՈ «Le Monde»
Հ.Գ. Ֆրանսիացի Քլեր Գելոն ԲՌՀՉՀ-ին ու ՇՀԿ-ին հայացք է նետում եվրոպական դիտակետից, իսկ դուք նկատո՞ւմ եք, որ վերջերս Ռուսաստանը ակտիվորեն աշխատում է այս երկու կազմակերպությունների զարգացման ուղղությամբ և սեփական զավակին՝ ԵԱՏՄ-ին, մոռացության է մատնել՝ ելնելով տնտեսական ու քաղաքական իրավիճակից: Երկու կազմակերպություններում էլ դոմինանտ տնտեսական ուժը Չինաստանն է, ու Մոսկվան համաձայն է դրան: Իսկ ԵԱՏՄ-ն ի՞նչ է լինելու:

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ